Բազում տագնապալի իրադարձությունների շարքում երկու ուրախ լուր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերադարձել է Չինաստանից՝ մեկ, և երկրորդ՝ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: Վերջինը, իհարկե, այնքան էլ ուրախ լուր չէ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար: Ինչո՞ւ: Մի քանի օր հետ գնանք՝ ԱՄՆ դեսպանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ խոսեց նաև կոռուպցիայի դեմ գործուն պայքարի անհրաժեշտության մասին, որպեսզի Հայաստանը լինի ներդրողների համար գրավիչ ու հուսալի տարածք: Հարցազրույցից մի քանի օր անց, պատասխանելով դեսպանի հայտարարության մասին հարցին, Վահրամ Բաղդասարյանն անսպասելի ու անհասկանալի համոզվածությամբ հայտարարեց, որ դա նրա անձնական կարծիքն է և չի ներկայացնում ԱՄՆ-ի դիրքորոշումը: Սա նվազագույնը սկանդալային հայտարարություն էր, որովհետև ո՞վ, եթե ոչ դեսպանն է ներկայացնում իր պետության դիրքորոշումը՝ մեկ, երկրորդ՝ ի պաշտոնե դեսպանն իրավունք չունի անձնական կարծիք ներկայացնել պաշտոնական հարցազրույցում, նրան պարզապես հետ կկանչեն, երրորդ՝ Վահրամ Բաղդասարյա՞նն է ներկայացնում ԱՄՆ-ի դիրքորոշումը, և ո՞վ է նրան լիազորել դա անել: ՈՒ չորրորդ՝ Վահրամ Բաղդասարյանը հայտնում է իր անձնակա՞ն կարծիքը, թե՞ ՀՀԿ խմբակցության՝ լինելով խմբակցության ղեկավարը: Վերջապես հինգերորդ՝ իսկ եթե ԱՄՆ դեսպանը ոչինչ էլ չասի, կոռուպցիա Հայաստանում չկա ու չի՞ եղել ու մնալու է՝ ոնց կա՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը սառը ջուր լցրեց կուսակցի գլխին: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրն ինչի՞ համար են՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի անձնակա՞ն տեսակետները կյանքի կոչելու: Թե՞, այնուամենայնիվ, վարչապետն ավելի լուրջ է վերաբերվում երկրին ու իր խոսքերին, քան իր կուսակից այլ պաշտոնյաներ: